ԲԼՈԳ

EXECUTIVE MANAGEMENT

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ` ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հիմնաբառեր. զբաղվածություն, գործազրկություն, աշխատանքի շուկա, ոլորտներ, աշխատավարձի չափ, ուղեղների արտահոսք

Մակրոմակարդակում զբաղվածության և գործազրկության մակարդակների տատանումները մշտապես եղել են քաղաքական իշխանության և հասարակության լայն շերտերի քննարկման առարկան: Պատճառն ակնառու է և հստակ. յուրաքանչյուր ոք ցանկացած պահի և իրավիճակից կախված կարող է հայտնվել զբաղվածի կամ գործազուրկի կարգավիճակում: Զբաղվածության վրա ազդող գործոնները բազմաթիվ են՝ աշխատավարձի չափը, աշխատանքի պայմանները, աշխատանք փնտրող անձի սոցիալական կարգավիճակը, աշխատանքի շուկայի պետական կարգավորման մեխանիզմները և այլն:

Զբաղվածություն և գործազրկություն հասկացությունները որքան էլ հակադիր, նույնքան էլ փոխկապակցված երևույթներ են, ընդ որում, մեկի աճը սովորաբար ենթադրում է մյուսի կրճատում և հակառակը:

Աշխատաշուկայի նոր զարգացումները պատշաճ կերպով արտացոլելու, աշխատուժի վիճակագրության արդիականությունն ու միջազգային համադրելիությունն ապահովելու նպատակով 2018 թ.-ից վերանայվել է Աշխատուժի հետազոտության հիմքում ընկած մեթոդաբանությունը: Վերանայման հիմքը 2013 թ.-ին Աշխատանքի վիճակագիրների միջազգային 19-րդ համաժողովում ընդունված «Աշխատանքի, զբաղվածության և աշխատուժի թերօգտագործման վիճակագրության մասին» բանաձևի առանցքային դրույթներն են:

Գործազրկության մասին խոսելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. այն մի դեպքում արտացոլում է երկրում առկա փաստացի գործազրկությունը, մյուս դեպքում՝ պաշտոնապես գրանցված գործազուրկների պատկերը։

2019 թ.-ի դրությամբ ՀՀ-ում փաստացի գործազրկության մակարդակը 18% է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել է շուրջ 2,1%-ով։

Գործազրկության մակարդակի կրճատումը, այնուամենայնիվ, չի ենթադրում զբաղվածության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծում, որոնց կանդրադառնանք հաջորդիվ։

2019 թ.-ի փետրվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարել է շուրջ 2200 թափուր աշխատատեղերի առկայության մասին։ Առաջանում է տրամաբանական հետևյալ հարցը․ ինչու չեն համալրվում այդ թափուր աշխատատեղերը, այն դեպքում, երբ ՀՀ-ում աշխատանք փնտրողները ակնհայտորեն շատ են։ Հիմնական պատճառը հետևյալն է․ աշխատավարձի ցածր մակարդակը նվազեցնում է գործազուրկների աշխատելու խթանը և ձևավորում այսպես կոչված «աշխատել չցանկանալու» գաղափարը։ Բացի այդ, ոլորտում անհրաժեշտ է կատարել լուրջ հետազոտություններ՝ պարզելու առաջարկվող աշխատանքների արժանահավատությունն ու աշխատանքային պայմանների բավարարությունը։ Առանձնակի շեշտադրում կարելի կատարել նաև այն հանգամանքի վրա, որ միջինից բարձր տարիքի անձինք աշխատանք գտնելու հարցում բախվում են լուրջ խնդիրների, իսկ եթե նույնիսկ հաջողվում է գտնել աշխատանք, ապա շատ հաճախ այն լինում է ցածր որակավորմամբ և ցածր աշխատավարձով։ Զբաղվածության մակարդակի նմանատիպ բարձրացումը կարելի է դիտարկել միայն որպես զբաղվածության քանակական փոփոխություն, սակայն որակական առումով էական տեղաշարժեր և կենսամակարդակի փոփոխություն զբաղվածության մակարդակի այսպիսի փոփոխությունից կարելի է չակնկալել։

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ զբաղվածության պետական քաղաքականության մոդելը մշակելիս անհրաժեշտ է հիմնվել աշխատանքի շուկայի համալիր և մանրակրկիտ ուսումնասիրության և ցուցանիշների հստակ հաշվարկման վրա։

ՀՀ զբաղվածությունը կարելի է դիտարկել տարբեր ասպեկտներով, ինչը հնարավորություն է ընձեռում տալ դրա որակական և քանակական գնահատականը։

Զբաղվածությունն ըստ տարիքային խմբերի և սեռի: ՀՀ-ում զբաղվածության մակարդակը տարբերվում է ինչպես մի տարիքային խմբից մյուսին անցնելիս, այնպես էլ ըստ սեռերի։ Վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ 2019 թ.-ին հատկապես մեծ էր աշխատուժի առաջարկը արդյունաբերության մեջ։ Ընդ որում՝ առավել մեծ է պահանջարկը որակավորում չունեցող բանվորների, սպասարկման ոլորտի և առևտրային կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ։

Գծապատկեր 1․1․ Կանանց աշխատուժի առաջարկն ըստ տարիքային խմբի 2019 թ. նոյեմբեր
Գծապատկեր 1․2․ Տղամարդկանց աշխատուժի առաջարկն ըստ տարիքային խմբի 2019 թ. նոյեմբեր

Աշխատանքի առաջարկ ներկայացնելիս և՛ կանայք, և՛ տղամարդիկ դրսևորում են գրեթե հավասար ակտիվություն բոլոր տարիքային խմբերի դեպքում (գծապատկեր 1․1 և 1․2)։ Առավել մեծ ակտիվություն, սովորաբար, դրսևորում են 25-44 տարեկան կանայք և տղամարդիկ։

Այլ է խնդիրը, երբ մենք աշխատանքի առաջարկից անցում ենք կատարում զբաղվածության մակարդակի գնահատմանը։ Թեև աշխատանք փնտրելու հարցում կանայք և տղամարդիկ դրսևորում են նույնական ակտիվություն, այնուամենայնիվ զբաղվածների մեջ առավել բարձր տեսակարար կշիռ ունեն տղամարդիկ։ Մասնավորապես 2018 թ.-ի տվյալներով ՀՀ-ում տղամարդկանց շրջանում զբաղվածությունը 55% է, իսկ կանանց շրջանում՝ 37,3%։ Հարկ է նշել, որ թեև ՀՀ-ում դեռևս առկա է գենդերային անհավասարության խնդիրը, բայց, այնուամենայնիվ, այն վերջին տարիներին զգալիորեն մեղմվել է։ Ակնառու է կանանց զբաղվածության մակարդակի աճ տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում։

Խնդրի արմատներն այս պարագայում առավել խորն են։ ՀՀ աշխատանքի շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ կանանց դեպքում աշխատանքի վարձատրությունը հաճախ զիջում է տղամարդկանց աշխատավարձին։ Այս հանգամանքն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ դրդապատճառներ, թեև վերջիններս գերակշռում են։ Օբյեկտիվ պատճառներից կարելի է նշել կամայական ոլորտում աշխատանքի ֆիզիկական ու շրջակա միջավայրային բարդությունները, երբ կանայք առավել քիչ են հակված ներգրավվելու նմանատիպ աշխատանքներում։

Գծապատկեր 2. ՀՀ զբաղվածության մակարդակն ըստ տարիքային խմբերի, 2018 թ., %-ներով

Երիտասարդների՝ աշխատաշուկա նոր մուտք գործող և աշխատանքային փորձ չունեցողների շրջանում գործազրկության մակարդակը բարձր է՝ համեմատած ավելի բարձր տարիքի չափահասների հետ, որտեղ գործազրկության մակարդակը տարիքի հետ նվազում է: Հայաստանում 15-ից 24 տարեկան ամեն 3 տնտեսապես ակտիվ երիտասարդներից 1-ը գործազուրկ է՝ եվրոպական մի շարք երկրների համեմատ, որտեղ յուրաքանչյուր 14-ից 1-ն է գործազուրկ:

Զբաղվածության ակտիվ քաղաքականությունը մշակելիս անհրաժեշտ է ապագայում հատուկ ուշադրություն դարձնել երիտասարդության շրջանում գործազրկության հիմնախնդրին։ Մասնավորապես, անհրաժեշտ է բացահայտել այս հատվածում բարձր գործազրկության պատճառները, ինչը հիմք է առավել նպատակաուղղված քաղաքականության համապատասխան միջոցառումների համակարգի մշակման և իրականացման համար։ Այդպիսիք են, օրինակ, ուսումից դեպի աշխատանք անցումն ապահովող գործնական միջոցառումները, որոնց ապահովման համար ՀՀ-ում դեռևս առկա են որոշակի խոչընդոտներ։ Անհրաժեշտ է բարելավել աշխատանքի շուկայի վերաբերյալ տեղեկատվության ապահովումը և մշտադիտարկման համակարգը՝ զբաղվածության քաղաքականությունը և ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։

2019 թ.-ի հունվարի տվյալներով ՀՀ-ում կանայք կազմում են գործազուրկների թվի 66,7%-ը, երիտասարդները՝ 21,4%-ը, իսկ հաշմանդամները՝ 3,8%-ը։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ գործազուրկ կանայք սովորաբար 10-20%-ով գերազանցում են գործազուրկ տղամարդկանց։ Կանանց գործազրկության նմանատիպ դրսևորումը, թերևս, պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝
• ոչ բոլոր աշխատանքներն են «հարիր» կանանց (ծանր ֆիզիկական աշխատանք, աշխատանքային օրվա երկարություն և այլն)
• տղամարդիկ, որպես կանոն, ՀՀ-ում առավել ակտիվ են աշխատանք փնտրելու հարցում, ինչը կարող է պայմանավորված լինել ազգային առանձնահատկություններով, իսկ չգտնելու դեպքում նրանք շատ հաճախ դիմում են արտագնա աշխատանքի
• Կանայք մեծամասամբ առավել պահանջկոտ են աշխատանքի պայմանների նկատմամբ

Զբաղվածությունն ըստ կրթական մակարդակի: ՀՀ-ում կարևոր խնդիր է համարվում զբաղվածությունն ըստ կրթական մակարդակի։

Գծապատկեր 3. Զբաղվածության մակարդակը ՀՀ-ում ըստ կրթական մակարդակների, 2018 թ., %-ներով

Ինչպես նկատելի է, գործազրկությունն առավելապես հարվածում է ցածր մասնագիտական որակավորում ունեցող անձանց։ Արդարության համար նշենք, որ անգամ բարձրագույն կրթությունը ներկայումս ՀՀ-ում «լավ» աշխատանք ունենալու երաշխիք չէ։ Ոլորտում ակնառու է հետևյալ խնդիրը․ հաճախ անգամ բարձրագույն կրթություն ունեցող անձինք ստիպված են փոխել իրենց մասնագիտությունը, ստանալ նոր որակավորում և նույնիսկ կատարել սեփական մասնագիտությունից ցածր որակավորում ունեցող աշխատանքներ։ Հենց սա էլ դառնում է համապետական կարևոր ու առաջնային խնդիր հանդիսացող «ուղեղների արտահոսքի» հիմնական խթանը։

Տևական գործազրկությունն առաջացնում է տնտեսական և սոցիալական լուրջ վտանգներ, ինչի հետևանքը բնակչության ծայրահեղ աղքատության և միգրացիոն միտումների առաջացումն է։

Ըստ որոշ հետազոտությունների արդյունքների՝ ՀՀ-ում 18-30 տարեկան երիտասարդ աշխատողների միայն 54%-ն է զբաղված իր կրթական մակարդակին համապատասխան աշխատանքով։

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բուհերի շրջանավարտների միայն 43%-ն է կարծում, որ ստացված գործնական գիտելիքները և հմտությունները բավարարում են աշխատաշուկայի պահանջներին։
Գործատուների 78%-ը երիտասարդ մասնագետի աշխատանքի ընդունելիս առնչվում է նրա աշխատանքային փորձի և գործնական կարողությունների պակասի հետ։

Էականորեն մեծ է խզումը աշխատաշուկայի և կրթության միջև։ Հիմնաքարային պատճառներից մեկը թերևս աշխատաշուկայի ներկա և ապագա պահանջների վերաբերյալ տեղեկատվության անբավարարությունն է պետության մակարդակով։

ՀՀ-ում ներկայումս առկա են լուրջ սահմանափակումներ ներկա և ապագա պահանջներին համապատասխան հմտությունների զարգացման հարցում, մասնավորապես ապագայի մասնագիտությունների պահանջարկի վերաբերյալ տեղեկատվության վերլուծության մեթոդների անբավարարությունը, որակավորման բարձրացման երկարաժամկետ բնույթը, աշխատաշուկայի անբավարար ուսումնասիրությունը և այլն։

Զբաղվածությունն ըստ գործունեության ոլորտների

Աշխատուժի արդյունավետության ամենաբարձր մակարդակ արձանագրվել է ծառայությունների ոլորտում (բայց զգալի տարբերություններով), իսկ ամենացածր մակարդակը՝ գյուղատնտեսությունում: Ընդհանուր զբաղվածությունում և ավելացված արժեքում տնտեսության ոլորտների մասնաբաժինների միջև տարբերությունները արտացոլված են աշխատուժի ընհանուր արդյունավետությունում (արդյունք մեկ աշխատողի հաշվով): Ժամանակակից ծառայությունների ոլորտներում (ֆինանսներ, ապահովագրություն, անշարժ գույք և բիզնես ծառայություններ) աշխատուժի արդյունավետության մակարդակները 8-10 անգամ գերազանցում են գյուղատնտեսությունում աշխատուժի արդյունավետությունը: Այնուամենայնիվ, ծառայությունների ոլորտը ներառում է նաև աշխատուժի ցածր արդյունավետություն ունեցող (աշխատատար) ոլորտները, ինչպիսիք են առևտուրը և տրանսպորտը: Զարմանալի է, բայց հանրային ծառայությունների ոլորտները, ինչպիսիք են պետական կառավարումը, կրթությունը և առողջապահությունը, նույնպես ունեն արդյունավետության ցածր մակարդակ:

Գծապատկեր 4. ՀՀ զբաղվածությունն ըստ գործունեության ոլորտների, 2018 թ., %-ներով

Որպես միջին եկամուտ ունեցող երկիր՝ գյուղատնտեսության ոլորտի մասնաբաժինը ՀՀ զբաղվածության մեջ մեծ է: Հայաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ին համարժեք մակարդակ ունեցող այլ երկրներում սովորաբար աշխատուժի ﬕայն մոտ 10-15 տոկոսն է զբաղված գյուղատնտեսությունում, իսկ ﬓացած զբաղվածությունը կազմված է վարձու աշխատողներից կամ ինքնազբաղվածներից, ովքեր աշխատում են ոչ գյուղատնտեսական ոլորտներում: Հայաստանում բոլոր զբաղվածների 25 տոկոսն աշխատում է գյուղատնտեսությունում. ցուցանիշ, որն ավելի բնորոշ է շատ ավելի աղքատ տնտեսություններին:

Զբաղվածությունը պետական և ոչ պետական հատվածներում:

ՀՀ-ում հետաքրքրության է արժանի նաև պետական և ոչ պետական հատվածների զբաղվածության մակարդակների դիտարկումը։

Վերջին երկու տարիներին ՀՀ աշխատաշուկան կրել է լուրջ փոփոխություններ, ինչը դրսևորվել է՝ պայմանավորված ինչպես ստվերի կրճատմամբ, այնպես էլ գրանցված գործազուրկների թվի նվազմամբ և աշխատուժի առաջարկի ու պահանջարկի ավելացմամբ։ Հատկանշական է այն հանգամանքը, որ ստվերի կրճատման արդյունքում արձանագրվել է ոչ պետական հատվածում աշխատողների թվի աճ շուրջ 14%-ով։ Կարևոր է ընդգծել նաև այն, որ պետական հատվածում գերակշռում են կրթության ոլորտում զբաղվածները, իսկ ոչ պետական հատվածում՝ մանրածախ և մեծածախ առևտրով զբաղվողները։

Գծապատկեր 5․1․ ՀՀ աշխատուժի պահանջարկն ըստ տնտեսության հատվածների, %-ներով
Գծապատկեր 5․2. ՀՀ զբաղվածությունը պետական և ոչ պետական հատվածներում 2018 թ.-ին, %-ներով

Ակնառու է այն հանգամանքը, որ 2018-2019 թթ.-ին զգալիորեն կրճատվել է պետական հատվածի կողմից աշխատուժի նկատմամբ պահանջարկը և աճել ոչ պետական հատվածում։

Ոչ պետական հատվածի համեմատ պետական հատվածում աշխատանքն առնվազն տղամարդկանց դեպքում ավելի բարձր է վարձատրվում ։ Կանանց դեպքում աշխատավարձն առավել անփոփոխ է և հաճախ զիջում է տղամարդկանց աշխատավարձին։ Բացի այդ պետական հատվածում կանանց և տղամարդկանց տրվող պարգևավճարները նույնն են։ Հայաստանն այլ երկրներից թերևս առանձնանում է նրանով, որ այլ երկրներում հաճախ պետական հատվածում զբաղվածությունն ունի ավելի մեծ մասնաբաժին, իսկ որոշներում նույնիսկ հստակորեն սահմանվում են այն ոլորտները, որտեղ կանայք իրավասու են աշխատել։

Զբաղվածության և գործազրկության անվերջանալի ու անլուծելի թվացող այս խնդիրն էլ ավելի արդիական և խնդրահարույց է դարձել ներկայումս՝ համաշխարհային տնտեսությունը դեպի անկում տանող այս համավարակի պայմաններում։ Հայաստանում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պաշտոնապես գրանցվել է 85․900 գործազուրկ և աշխատանք փնտրող։ 2020-ի հունվար-փետրվար ամիսների համեմատ՝ նրանց թիվն աճել է։ Այն, որ կորոնավիրուսը տնտեսական լուրջ հետևանքներ է խոստանում, գաղտնիք չէ։ Սակայն ինչպե՞ս այն կազդի հայաստանյան աշխատաշուկայի վրա։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առաջիկայում կանխատեսում են գործազրկության մակարդակի 1․3%-անոց աճ։ Այսինքն՝ շուրջ 40 հազարով ավել գործազուրկ, սակայն որոշ փորձագետներ համաձայն չեն նախարարության կողմից ներկայացված կանխատեսումների հետ։ Ըստ նրանց՝ հետևանքներն ավելի ծանր կարող են լինել. նույնիսկ ենթադրվում է մինչև 80 հազար մարդով գործազրկության ավելացում, որովհետև որոշ ճյուղեր ֆունդամենտալ ձևով տուժել են և շարունակում են տուժել համավարակից։

Ինչ արդյունքներ ակնկալել։ Զբաղվածության քաղաքականության ներկայիս բովանդակությունն արտահայտված է ներքոհիշյալ գծապատկերում․

Գծապատկեր 6․ ՀՀ զբաղվածության քաղաքականության մոդելը

Թեև մշակված ռազմավարությունը հույսեր է ներշնչում զբաղվածության մակարդակի բարձրացման առումով հաջողության հասնելու համար, այնուամենայնիվ ՀՀ-ում այս առումով առկա են էական խոչընդոտներ՝ էմիգրացիային միտված հասարակություն, պետական ռեսուրսների սահմանափակություն, բնակչության նվազման և ծերացման միտում և սոցիալական բևեռվածություն։

Ներկայումս ՀՀ-ում տնտեսական աճի վրա բնակչության ծերացման ազդեցության նվազեցման առումով հատկապես պետք է կարևորել աշխատուժի աճին միտված քաղաքականության իրականացումը։

Այսպիսով՝ աշխատատեղերի առկայությունը և զբաղվածության բարձր մակարդակը ծառայում են որպես մեխանիզմ աղքատության կրճատման համար, հանգեցնում բարեկեցության բարձրացման և վերջնարդյունքում, բաշխվելով ողջ բնակչության մեջ, խթանում են անհավասարության մեղմացումը։ Զբաղվածության ավելազմանը զուգահեռ կենսամակարդակի բարձրացումը կապված է առավել բարձր արտադրողականություն ունեցող, հետևաբար առավել բարձր աշխատավարձի մակարդակ ունեցող աշխատատեղերի ստեղծման հետ։ Դա էլ իր հերթին պահանջում է խրախուսել ավելացված մեծ արժեք ստեղծող ճյուղերի զարգացումը։

Ամփոփելով՝ նշենք, որ աշխատաշուկայում զբաղվածության և գործազրկության հետ կապված խնդիրների լուծման նպատակով առավել արդյունավետ կարող է լինել ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում ինովացիոն ճյուղերի զարգացման խթանումը, ինչը ենթադրում է նաև համապատասխան որակավորում ունեցող կադրերի ապահովում։

Գործազրկության հետագա կրճատման լավագույն տարբերակը, թերևս, կայուն գնաճի պայմաններում տնտեսական աճի ապահովումն է։ Իսկ ինչպես հայտնի է, տնտեսական աճի հիմքում ներդրումների ներգրավումը և արտադրական ներուժի աճն է, որի առումով, ցավոք, ՀՀ տնտեսական և քաղաքական հիմքերը դեռևս երերուն են։ Ներկայումս զբաղվածության քաղաքականության մոդելի շրջանակներում ՀՀ-ում իրականացվում են մի շարք ակտիվ միջոցառումներ, որոնք, ըստ էության, միտված են հիմնախնդիրը ծնող պատճառների վերացմանը։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա նրա կարգավորման և զբաղվածության քաղաքականության զուգորդումը սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման լավագույն նախապայման կդառնա։

Executive Management-ի ուսումնասիրության արդյունքներից պարզ է դառնում, որ Covid-19-ի համավարակով պայմանավորված՝ գործազրկության մակարդակը ՀՀ-ում էականորեն կբարձրանա: Միևնույն ժամանակ կվերափոխվեն գործատուների պահանջները, ինչը իր հերթին կբերի աշխատուժի շուկայում կոմպետենցիաների վերադասավորմանը:

Հեղինակ՝

Executive Management

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Արդյունավետ լուծումներ

Executive Management

Բարձրացնում ենք բիզնեսի մրցունակությունը և բացահայտում զարգացման տարբեր հնարավորություններ