ԲԼՈԳ

EXECUTIVE MANAGEMENT

ՆԱՎԹԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Շուկայի որոշ մասնակիցներ կանխատեսում են, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նավթի մեկ բարելի գինը կհասնի 100 դոլարի։ Ըստ Միջմայրցամաքային բորսայի տվյալների՝ «Brent» նավթի մեկ բարելի ինքնարժեքը 2020 թվականի հունվարի 8-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 67 դոլարը: 2021 թվականի փետրվարի 26-ի տվյալներով՝ «Brent» նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 65 դոլարը։ Նախ պետք է շեշտել այն գործոնները, որոնք առաջնահերթ ազդում են նավթի գնագոյացման վրա։ Դրանք տնտեսական, աշխարհաքաղաքական, բորսային կամ սպեկուլյատիվ, դոլարային գործոններն են։ Նավթի գնի վրա ոչ պակաս ազդեցություն ունեն նաև բնակլիմայական փոփոխությունները, տեխնոլոգիաների զարգացումը, վերականգնողական և միջուկային էներգետիկան և այլն։

ԱՄՆ կառավարությունն իր հերթական զեկույցով անդրադարձել է նավթի գների վրա ազդող բնակլիմայական փոփոխություններին՝ նշելով, որ նավթի գները բարձրանում են աննորմալ ցուրտ եղանակի պատճառով, քանի որ արդյունահանումը նվազում է օրական 9․7 բարելով: Այս մասին գրում է «Bloomberg»-ը՝ վկայակոչելով Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալները: Ինչպես նշում է գործակալությունը, վերջին անգամ անցյալ ամռանն էր ԱՄՆ-ում արտադրանքն այս մակարդակի անկում ապրել՝ «Լաուրա» փոթորկի պատճառով:

Շուկայի խոշոր մասնակիցները կանխատեսում են գների հետագա բարձրացում. որոշ ընկերություններ ենթադրում են, որ նավթի մեկ բարելի գինը կարող է հասնել 100 դոլարի:

Նմանատիպ կանխատեսումներ են արվել, մասնավորապես, Ադրբեջանի պետական «Socar Trading» և «Bank of America» պետական նավթային ընկերությունների կողմից: «Socar Trading»-ը, մասնավորապես, պնդում է, որ գինն այդ մակարդակի կհասնի 1,5-2 տարի հետո, իսկ «Bank of America»-ն ակնկալում է մի քանի տարվա ընթացքում հաղթահարել եռանիշ արժեքը՝ բարելավված հիմքերի և գլոբալ խթանման շնորհիվ։ Ավելի վաղ «Goldman Sachs»-ը կանխատեսում էր, որ հուլիսի վերջին սպառումը կվերադառնա մինչ ճգնաժամային մակարդակի, իսկ երկրորդ եռամսյակում «Brent» նավթի մեկ բարելի գինը կբարձրանա 70 դոլարով, իսկ երրորդում՝ 75 դոլարով:

«Գազպրոմ Նեֆտը», հաշվի առնելով նավթի շուկայում կլիմայական փոփոխությունները, մասնավորապես՝ գլոբալ տաքացումը, կանխատեսեց, որ երկարաժամկետ կտրվածքով նավթի մեկ բարելի գինը կդառնա 45-60 դոլար։ Նրա հաշվարկների համաձայն՝ աշխարհում նավթի սպառումը մինչճգնաժամային մակարդակին կրկին կլինի 2022 թվականի սկզբին: «Bloomberg»-ի վերլուծաբանները կարծում են, որ «Brent» տեսակի նավթի մեկ բարելի միջին գինը մինչև 2025 թվականը չի գերազանցի 65 դոլարը:

Համաշխարհային էներգիայի ապագայի վերաբերյալ ուսումնասիրություններ

Գազն ու նավթը կշարունակեն գերակշռել

Էներգիայի համաշխարհային պահանջարկը 2035 թվականին կաճի մոտ 30%-ով: Չնայած աշխարհում վերականգնվող էներգիայի հզորության (հիմնականում արևային և քամու էներգիա) արագ աճին՝ հանածո էներգիայի աղբյուրները՝ նավթը, գազը և ածուխը, գերակշռելու են վառելիքի և էներգիայի համաշխարհային հաշվեկշռում: Դրանք կապահովեն ամբողջ էներգիայի մատակարարումների մինչև 75%-ը (ներկայումս՝ 86%)։

«Առաջիկա 20 տարում աշխարհում 2 միլիարդ մարդ կավելացնի իր եկամուտները։ Նրանց կարելի է դասակարգել որպես միջին խավ, որին ավելի շատ նավթ, գազ և էլեկտրաէներգիա անհրաժեշտ կլինեն։

Կանաչ էներգիան քառապատկվելու է

Վերականգնվող էներգիայի աղբյուրները գլոբալ էներգետիկայի ոլորտի ամենաարագ աճող հատվածն են, և առաջիկա 20 տարում դրանց սպառումը կկրկնապատկվի:

«Արևի և քամու էներգիայի արտադրության աճող տնտեսական արդյունավետության շնորհիվ՝ այս ժամանակահատվածում նրանք հավասար մրցակցելու են էլեկտրաէներգիայի ոլորտում գազի և ածխի նախագծերի ներդրման համար»:

Ավտոմեքենաների փոխանակում և խցանումներ

Էլեկտրական տրանսպորտային միջոցների քանակն աշխարհում 2035 թվականին կհասնի 100 միլիոնի (2015 թվականի 1,2 միլիոնից): Այնուամենայնիվ, սա աշխարհի տրանսպորտային միջոցների ընդհանուր պարկի 5-6%-ն է:

Այնուամենայնիվ, հնարավոր են այլ տարբերակներ: Ինքնակառավարվող մեքենաների, մեքենաների կարճաժամկետ վարձույթի և մեքենաների փոխանակման ընդունումը համաշխարհային շուկայում արմատական փոփոխությունների կհանգեցնի։

«Ինքնավար մեքենաների շուկայի զարգացումը, սպառողների կանխամտածված հրաժարումը մեքենայի սեփականությունից՝ մեքենայից բաժանվելը կամ կարճաժամկետ վարձակալության տալը (հիմնված առցանց ծառայությունների վրա), կարող են հանգեցնել աշխարհում նավթի սպառման էական կրճատման»:

Նավթաքիմիական նյութերի հումք, ոչ թե վառելիք

Էլեկտրական տրանսպորտային միջոցների քանակի աճը կհանգեցնի նրան, որ մինչև 2030 թվականը նավթաքիմիական նյութերը կդառնան նավթի պահանջարկի աճի հիմնական աղբյուր՝ առաջին տեղից hետ մղելով տրանսպորտային ոլորտը:

«2030-ականներին նավթի պահանջարկի աճի շարժիչ ուժը կլինի ոչ թե մեքենաների, բեռնատարների և ինքնաթիռների վառելիքի սպառումը, այլ հումքի օգտագործումը նավթաքիմիական արտադրանքի արտադրության մեջ: Սա լուրջ փոփոխություն է»:

Գազն ավելի շատ է պետք, քան նավթը

Հեղուկացված բնական գազի արտադրության արագ աճը կհանգեցնի գազի գլոբալ ինտեգրված շուկայի ձևավորմանը, որը կապված կլինի ԱՄՆ գազի գների հետ: ԱՄՆ-ում թերթաքարային գազի արտադրության զարգացումը էական փոփոխությունների կհանգեցնի գազի շուկայում: «British Petrolium»-ի կանխատեսումների համաձայն՝ թերթաքարային գազի զարգացումը կապահովի գազի գլոբալ մատակարարումների աճի երկու երրորդը մինչև 2035 թվականը, ինչը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ-ում թերթաքարային գազի ռեսուրսների զարգացումով։

«Բնական գազի պահանջարկը հաջորդ 20 տարվա ընթացքում տարեկան միջինը 1,6%-ով կաճի ավելի արագ, քան նավթի և ածխի սպառումը: Բայց այս աճը հիմնականում պայմանավորված կլինի Միացյալ Նահանգներում թերթաքարային գազի արտադրությամբ, ինչպես նաև Չինաստանում թերթաքարային գազի պաշարների զարգացմամբ: Մինչև 2035 թվականը Ռուսաստանը զգալիորեն կավելացնի իր գազի մատակարարումներն ինչպես Եվրոպա և Չինաստան խողովակաշարերի մատակարարմամբ, այնպես էլ հեղուկացված բնական գազի արտահանման աճի միջոցով»:

Չինաստանը հրաժարվում է ածխից

Ածխի պահանջարկը գագաթնակետին հասավ 2020 թվականի կեսին: Մեծ մասամբ դա պայմանավորված է Չինաստանում՝ մաքուր վառելիքի օգտագործմանն անցնելով: «Մենք ածխի պահանջարկի կտրուկ անկում կտեսնենք Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում։ Սա աշխարհի ամենամեծ էներգետիկ շուկան է. այն, ինչ տեղի է ունենում այս երկրում, էական նշանակություն ունի ամբողջ համաշխարհային էներգետիկ համակարգի համար»:

Ներկայումս աշխարհում երկրորդ խոշոր ածուխ ներկրողը համարվում է Հնդկաստանը (մոտ 765 միլիոն տոննա)՝ Չինաստանից հետո (մոտ 3683 միլիոն տոննա)։ Հնդկաստանը կդառնա ածխի սպառման ամենամեծ շուկան, հենց որ Չինաստանը հրաժարվի ածխից․ ածխի համաշխարհային պահանջարկի նրա մասնաբաժինը կկրկնապատկվի՝ մինչև 2035 թվականը 10%-ից դառնալով 20%:

Ուսումնասիրություններից կարող ենք եզրակացնել, որ չնայած մի շարք գլոբալ փոփոխությունների՝ հանածո էներգիայի աղբյուրները կշարունակեն գերակշռել էներգիայի համաշխարհային հաշվեկշռում, վերականգնվող էներգիայի աղբյուրները կդառնան գլոբալ էներգետիկայի ամենաարագ աճող հատվածը, ինքնավար մեքենաների շուկայի զարգացումը կհանգեցնի նավթի սպառման էական կրճատման, ու դրա հետևանքով նավթի պահանջարկի աճի շարժիչ ուժը կկազմեն նավթաքիմիական նյութերը, գազն ավելի մեծ պահանջարկ կունենա, քան նավթը՝ շնորհիվ ԱՄՆ-ում թերթաքարային գազի արտադրության զարգացման, իսկ Չինաստանը կհրաժարվի ածխից, և Հնդկաստանը կդառնա ածխի սպառման ամենամեծ շուկան։

 

 

 

Հեղինակ՝

Executive Management

 

 

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Արդյունավետ լուծումներ

Executive Management

Բարձրացնում ենք բիզնեսի մրցունակությունը և բացահայտում զարգացման տարբեր հնարավորություններ