BLOG

EXECUTIVE MANAGEMENT

ԴԵՄՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻՄԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄՈԴԵԼ

«Երեկ կոշիկներ էինք արտադրում, այսօր դիմակներ»

Ամերիկյան հագուստ և կոշիկ արտադրող խոշոր ընկերություններից մեկը՝ «New Balance»-ը, վերապրոֆիլավորում է իր ընկերության արտադրությունը՝ բժշկական հաստատությունների համար դեմքի պաշտպանիչ դիմակների արտադրություն հիմնելու նպատակով։
Դեմքի պաշտպանիչ դիմակների հսկայական պահանջարկը, որն առաջացել է COVID-19 համաճարակի հետևանքով, ստիպեց ընկերությանը վերապրոֆիլավորվել և գտնել նորարարական լուծումներ։

Ընկերությունը երբևէ չի արտադրել պաշտպանիչ բժշկական դիմակներ, սակայն ելնելով ստեղծված իրավիճակից՝ որոշել է դիմակների արտադրություն սկսել։
Ընկերությունը մտադիր է օգտագործել իր հսկայական փորձը և ռեսուրսները՝ համաճարակի դեմ պայքարում որակյալ և նորարարական լուծումներով արտադրություն ծավալելու համար:
Ըստ «New Balance»-ի՝ դիմակները կարտադրվեն Մասաչուսեթս նահանգի Լոուրենս քաղաքում գտնվող գործարանում, միակ խնդիրը լիցենզավորումն է: Այժմ գործողություններ են տարվում պետության կողմից լիցենզայի ձեռք բերման հարցում։ Նմուշը հաստատվելուն պես կսկսվի արտադրության ընդլայնումը նաև մյուս գործարաններում:․ Նախատեսվում է շաբաթական 100.000 հատ դիմակ արտադրել: Ընկերությունը գործողությունները համաձայնեցնում է ոչ միայն ԱՄՆ կառավարության և բժշկական հաստատությունների հետ, այլ նաև փոխգործակցում է աշխարհի հետազոտական կենտրոնների հետ:
Նման քաղաքականություն են որդեգրել նաև մի շարք այլ հագուստ արտադրող ընկերություններ, ինչպիսիք են «Eclips» ընկերությունը և այլոք։
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համավարակի բռնկումից ի վեր նույնպես մեծացել է դիմակների սպառման պահանջարկը։
Երկրում դիմակի դեֆիցիտի արդյունքում մարտ – ապրիլ ամիսներին բարձրացավ նաև դիմակի գինը։ Այս հանգամանքը ստիպեց տեղական շուկայում առկա ընկերություններին օպտիմալացնել ռեսուրսները և ներգրավվել դիմակի արտադրության մեջ։ ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ պարետի որոշման համաձայն, որտեղ նշվում է «Հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը, իսկ փակ տարածքներում կրումը պարտադիր է», սպասվում է, որ դիմակների պահանջարկը էլ ավելի կմեծանա, իսկ արտադրության ծավալները կաճեն։ «Executive Management» ընկերության կանխատեսումներով Հայաստանի Հանրապետությունում դիմակների պահանջարկը դեռևս կաճի ստորև ներկայացված գծապատկերի համաձայն։ Եթե մարտ ամսին դեմքի պաշտպանիչ դիմակի դեֆիցիտ էր ՀՀ ողջ տարածքում, ապա ապրիլ և մայիս ամիսներին դիմակների քանակի աճի միտում է նկատվում, որը պայմանավորված է վերապրոֆիլավորված ընկերությունների կողմից արտադրված, ինչպես նաև ՀՀ ներկրված դիմակների ծավալներով։ «Executive Management» ընկերության հետազոտությունների համաձայն՝ ՀՀ-ում մոտ 3 մլն բնակչությունից գրեթե 46 տոկոսը դիմակներ չի կրի (մեծահասակներ) կամ կրելու կարիք չի ունենա (0-4 տարեկան երեխաներ)։
Դեմքի պաշտպանիչ դիմակները սովորական մեկանգամյա օգտագործման դիմակներ են, որոնք բաղկացած են եռաշերտ, ոչ կտորե նյութերից, որի մեջտեղում գտնվում է ֆիլտրող շերտը։ Ըստ չափսերի՝ դիմակները լինում են մեծահասակների (175×95 մմ) և մանկական (140×80 մմ)։ Բժշկական է համարվում քառաշերտ դիմակը, որն ունի նաև հակահեղուկային շերտ, որը վիրահատությունների ժամանակ դեմքի մաշկը պաշտպանում է կենսաբանական հեղուկների ներթափանցումից։ Ինչպես հայտնի է, դիմակի առաջնային դերը հանդիսանում է օդում վարակիչ մանրէների կանխումը՝ օդակաթիլային ճանապարհով վիրուսների ներթափանցումը դեպի շնչուղիներ։
Դիմակը կրելու ժամանակահատվածը տատանվում է մեկից մինչև երկու ժամ՝ կախված արտաքին պայմաններից։ Ելնելով անվտանգության կանոններից՝ անհրաժեշտ է դիմակը օրական 3 անգամ փոխել։ Համաճարակների ժամանակ կամ բժշկական հաստատություններում խորհուրդ է տրվում դիմակն օգտագործել ոչ ավել, քան 2 ժամ։ Միջինում 1 դիմակի վաճառքի գինը հաշվարկվել է 200 դրամ։

Գծապատկեր 1. ՀՀ-ում 2020 թ-ի դրությամբ դեմքի պաշտպանիչ բժշկական դիմակների աճի դինամիկան (հատ)

Ըստ նշանակության՝ ոչ կտորից պատրաստված դեմքի պաշտպանիչ դիմակները դասակարգվում են սովորական՝ մեկանգամյա և մասնագիտական՝ քառաշերտ դիմակների։
Ստորև ներկայացված մոդելը թույլ կտա պատկերացում կազմել և որոշակի տեղեկատվություն ստանալ սկսնակ գործարարին սովորական մեկանգամյա դիմակի արտադրություն հիմնելու կամ առկա ընկերությանը վերապրոֆիլավորելու ուղղությամբ։
Դեմքի պաշտպանիչ մեկանգամյա օգտագործման դիմակի արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է ձեռք բերել որոշակի սարքեր, սարքավորումներ՝ ներգրավելով մոտ 500,000 ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ:

Աղյուսակ․1. Դեմքի պաշտպանիչ դիմակի արտադրության համար անհրաժեշտ հիմնական միջոցներ և գործիքներ

Դեմքի պաշտպանիչ բժշկական դիմակի արտադրության համար կարևոր նախապայմաններից է տարածքի լուսավորությունը, սեղանների հեռավորությունը մեկը մյուսից։ Բնական լուսավորությամբ տարածքը թույլ կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի վրա կատարվող ծախսերը, այլապես անհրաժեշտ կլինի օգտագործել հավելյալ էլեկտրաէներգիա։ Սովորաբար, նման արտադրություն սկսելու համար յուրաքանչյուր աշխատողի հատկացվում է 5քմ․ անհրաժեշտ տարածք, սակայն, հաշվի առնելով համավարակի տարածումը և անհրաժեշտ նորմերի պահպանման նպատակով, մեկ սեղանը մյուսից անհրաժեշտ կլինի տեղադրել առնվազն 3 մետր հեռավորության վրա։ Այս դեպքում յուրաքանչյուր սեղանի համար հատկացվող տարածքը կկազմի 10-12 քմ․։
Մեկ դիմակի արտադրություն ծավալելու համար տեխնոլոգիական գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով.
● առաջին փուլով էլեկտրական մկրատի (резак) միջոցով կտրվում է ձևանմուշը՝ 200մմ երկարությամբ և 100մմ լայնությամբ, եռաշերտ դիմակ արտադրելու համար չափսերը համապատասխանաբար կկազմի 600*300մմ,
● երկրորդ փուլով իրականցվում է կարի պրոցեսը, տեղադրվում է ամրակը (фиксатор),
● երրորդ փուլով դիմակն ախտահանվում է գոլորշու միջոցով նախատեսված հատուկ արդուկներով /էլեկտրական գեներատորներով/։
Աշխատանքները կազմակերպելու համար օրական 1000 հատ պաշտպանիչ դիմակ արտադրելու նպատակով անհրաժեշտ է ներգրավել 4 դերձակ, որոնց համար նախատեսվող տարածքը, համաձայն սահմանված կարգի, կկազմի 50քմ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ 8 – ժամյա աշխատանքային գրաֆիկով՝ մեկ աշխատակցի կողմից արվող օրական արտադրանքը կկազմի միջին հաշվարկով 220 դիմակ։

 Աղյուսակ 2 (18*10 սմ) չափսի դեմքի պաշտպանիչ բժշկական դիմակի արտադրության նյութածախսը

Աղյուսակ 3. Աշխատուժի արժեքը

Աղյուսակ 4. Վերադիր ծախսեր

Ստորև ներկայացվող նկարը ներկայացնում է դեմքի պաշտպանիչ դիմակի արտադրության ընդհանուր ծախսերը՝ տոկոսային հարաբերությամբ։ Ընդ որում՝ 1000 հատ դիմակ արտադրելու համար ծախսերը կազմում են մոտ 65,000 ՀՀ դրամ։

Նկար 1. 1000 հատ դեմքի պաշտպանիչ դիմակի արտադրության
հիմնական ծախսերը

«Executive Management» ընկերությունը հետազոտությունների արդյունքում պարզել է, որ արտադրողնների մեծամասնությունը արտադրում է դիմակներ հիմնականում մեծ (175×95 մմ) չափսի, որը նախատեսված է մեծահասակների համար, իսկ փոքր չափսի՝ մանկական դիմակների (140×80 մմ) արտադրություն կամ չի իրականացվում կամ իրականացվում է քիչ քանակությամբ։ Այս առումով շուկայում բաց թիրախ կա՝ նման տեսակի դիմակների արտադրության։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համավարակը կրում է շարունակական բնույթ և դեռ երկար կտևի՝ «Executive Management» ընկերությունը կազմակերպություններին, որոնք վերապրոֆիլավորվում են կամ նախատեսում են վերապրոֆիլավորվել, առաջարկում է արտադրությունում ներառել նաև դիմակների այս բաց թիրախը:
1. Հաշվի առնելով, որ 4-ից բարձր տարիքի երեխաների մոտ 1-2 ժամ տևողությամբ դիմակ կրելը կարող է առաջացնել անհարմարություն, առաջարկվում է մշակել նոր դիզայն՝ տպագրություններով, օրինակ` հեքիաթների հերոսների պատկերներով, ինչը հետաքրքրություն կառաջացնի այս տարիքային խմբի երեխաներին ևս կրել դիմակ՝ վարակից առավել պաշտպանված լինելու նպատակով։

2. Ստեղծել նորաոճ դիմակներ` co-marketing-ի միջոցով` ընկերությունները վերամիավորելով նորաձևության մեջ ներգրավված՝ զգեստներ, կոշիկներ, պայուսակներ և աքսեսուարներ արտադրող ընկերությունների հետ։ Արդյունքում երկու ընկերություններն էլ կդիրքավորվեն շուկայում, կստանան մրցակցային առավելություն և կգեներացնեն հավելյալ եկամուտ։

Հեղինակ՝

Նարինե Կարապետյան (Executive Management, Նախագծերի կառավարման փորձագետ)

Արտակ Ասլանյան (Executive Management, Կառավարման փորձագետ, Նախագծերի կառավարման փորձագետ)

 

Աղբյուրներ՝

– Why a shoe company is making 100,000 masks a week to fight the coronavirus, BusinessInsider, https://www.businessinsider.com/coronavirus-face-mask-light-up-screening-tool-test-2020-5?fbclid=IwAR1aOoT9hS0zH5q_H5F0Odixnmj6b3XqjxKnVua-0CfHy_tDKGIaeuKJKY4

– Մշտական բնակչության թվաքանակը՝ ըստ տարիների և ցուցանիշների,
www.armstatbank.am, www.armstat.am

Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on pinterest

Leave A Reply

Effective solutions

Executive Management

We increase the competitiveness of business and identify different opportunities for development