ԲԼՈԳ

EXECUTIVE MANAGEMENT

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ


ՀՀ տնտեսական անվտանգության սպառնալիքները։ Ինչպես վկայում են միջազգային փորձագետները, տնտեսական աճի և մարդկային զարգացման ապահովման գործում տնտեսական դիվանագիտության խնդիրներն անմիջականորեն առնչվում են տնտեսական անվտանգությանն ու դրա հայեցակարգերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսական անվտանգության սպառնալիքներն օրեցօր ավելանում են, ակնհայտորեն աճում է տնտեսական դիվանագիտության դերը երկրի տնտեսական անվտանգությանը սպառնացող գործոնների կարգավորման հարցում: Տնտեսական անվտանգության յուրաքանչյուր ցուցանիշ ունի որոշակի սահման, որոնց հատումը այն վերածում է սպառնալիքի: Տնտեսական անվտանգության հիմնական սպառնալիքներ են մրցակցության պայմանները, ապրանքային, հումքային և այլ շուկաներին հասանելիությունը, միջազգային տրանսպորտային փոխադրումների անվտանգության աստիճանը, համաշխարհային օվկիանոսի և տիեզերքի շահագործման աստիճանը, բնապահպանական աղետները, երկրի տնտեսական և քաղաքական վարկանիշը միջազգային հարթակներում և այլն:

Հիմք ընդունելով այս հանգամանքը՝ առանձնացրել ենք տնտեսական անվտանգության այն հիմնական սպառնալիքները, որոնք նախադրյալ են ՀՀ տնտեսական դիվանագիտության առաջնահերթությունների ձևավորման համար։ Որպես այդպիսին նախ և առաջ հարկ է նշել ՀՀ արտաքին տնտեսական տրանսպորտային հաղորդակցման ուղիների ոչ բավարար մակարդակը:

Ծովային սահմանի բացակայության հետևանքով ՀՀ-ն դեպի ծով ելքն ապահովում է իր 2 հարևանների՝ Իրանի և Վրաստանի միջոցով, ընդ որում՝ Իրանով ապահովվում է բեռների փոխադրումը Ռուսաստանի Դաշնություն և ԵՄ երկրներ, իսկ Վրաստանով՝ Արևելյան Ասիայի և արաբական աշխարհի երկրներ։ Սա հնարավորություն է ստեղծում այս երկու երկրների համար օգտվել իրենց այդ «մենաշնորհային» դիրքից դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Բացի այդ բազմաթիվ են սահմանակից պետությունների կողմից միջազգային պայմանագրերի խախտման դեպքերը, որոնք ուժեղացնում են այդ սպառնալիքի ազդեցությունը։ Մասնավորապես՝ Վրաստանը մաքսատուրք է կիրառում իր տարածքով անցնող ՀՀ այն բեռների նկատմամբ, որոնք նախատեսված չեն վրացական շուկայի համար՝ խախտելլով «Ծովային ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի մասին» միջազգային համաձայնագրի դրույթները։

Միջազգային համաձայնագրի դրույթները խախտվում են նաև այն դեպքում, երբ Փոթիում հայկական կողմից սպասարկվում է միայն 1 լաստանավ, որի չգործելու դեպքում հայկական ապրանքները մնում են նավահանգստում։

Արտաքին տնտեսական սպառնալիք է նաև ՀՀ արտահանման և ներմուծման ապրանքային և աշխարհագրական դիֆերենցման ցածր մակարդակը։ 2000 թ.-ից ի վեր ՀՀ արտահանման ավելի քան 80%-ը բաժին է ընկնում 4 ապրանքախմբերի, ինչը նշանակում է, որ ՀՀ արտահանմանը բնորոշ է բարձր աստիճանի կենտրոնացվածությունը Հետևաբար եկամուտների ու նախասիրությունների փոփոխությունն այն երկրներում, ուր արտահանվում են ՀՀ ապրանքները, կարող են նշանակալիորեն կրճատել ՀՀ արտահանման ծավալները, ինչը տնտեսական աճի կարևորագույն բաղադրատարերից է։

Բացի այդ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ արտահանման մեջ բարձր տեսակարար կշիռ ունեցող 4 ապրանքախմբերն են սնունդը, հանքահումքային ապրանքները, մետաղները և թանկարժեք քարերը, խնդիրն ավելի է բարդանում, քանի որ ՀՀ արտահանումը կենտրոնացված է հումքի և ցածր ավելացված արժեք ստեղծող ապրանքախմբերի վրա։

Մեր գնահատմամբ արտաքին տնտեսական լուրջ սպառնալիք է ՀՀ արտաքին պարտքի բեռը։ Ընդ որում, պարտքի ծավալն այնքան մեծ սպառնալիք չէ, եթե այն արդյունավետորեն բաշխվում է տնտեսության մեջ, նպաստում տնտեսական աճին՝ հիմքեր ստեղծելով պարտքի հետագա մարման համար։ Այն դեպքում, երբ պարտքը կիրառվում է պետական պարտքի սպասարկման համար, այն դառնում է լուրջ սպառնալիք և ծանրանում հետագա սերունդների ուսերին, որոնք պետք է մարեն պետության աճող պարտքային բեռը։ Թե ինչ արդյունավետությամբ են օգտագործվել ՀՀ արտաքին պարտքի տեսքով ներգրավված միջոցները և ինչպես են նպաստել տնտեսական աճին, ներկայացնենք գրաֆիկորեն.

Գծապատկեր 1. ՀՀ պետական պարտքի դինամիկան 2018-2019 թթ-ին (մլն ԱՄՆ դոլար)

 

Գծապատկերից ակնհայտորեն պարզ է, որ նկատվում է արտաքին պարտքի բեռի աստիճանական աճ: Այս դեպքում խնդիրն ավելի սուր է, քանի որ բնակչության շարունակական կրճատումը պարտքի հետագա սպասարկման խնդիրներ է ստեղծում։

Պետական պարտքի կառավարման արդյունավետությունը, թերևս, իրենից ենթադրում է վերջինիս այնպիսի ուղղություններով ծախսումը, որը հնարավորություն կտա ապահովել հավելյալ տնտեսական աճ, ինչի հաշվին էլ կփակվի համապատասխան պարտքը և կիրականացվի վերջինիս սպասարկումը:

Այս առումով շատ դժվար է գնահատել ՀՀ պետական պարտքի արդյունավետությունը, քանզի վերջինիս ծախսման ուղղությունները չեն հրապարակվում: Արտաքին պարտքի տեսքով ձեռք բերված միջոցների օգտագործման անարդյունավետության խոսուն փաստ է այն, որ ընթացիկ տարում բյուջեով նախատեսվում է ավելի մեծ միջոցներ ձեռք բերված պարտքից հատկացնել պետական պարտքի սպասարկմանը, քան կրթության և առողջապահության ոլորտներին միասին վերցրած:

Այսպիսով՝ սրանք այն հիմնական մակրոտնտեսական սպառնալիքներն են, որոնք ազդում են ՀՀ տնտեսական անվտանգության վրա։ Ուստի պետության համար առաջնային է դառնում տնտեսական դիվանագիտության կառուցողական սկզբունքների հիման վրա այնպիսի արտաքին տնտեսական քաղաքականության մշակումը, որը հնարավորություն կտա հաղթահարել տնտեսական անվտանգության վերոնշյալ սպառնալիքները կամ նվազեցնել դրանցից եկող հնարավոր վտանգները:

 

ՀՀ տնտեսական դիվանագիտության նպատակները

Աշխարհի ցանկացած երկրում տնտեսական դիվանագիտության նպատակը մեկն է. հնարավորինս մեծացնել երկրի տնտեսական մրցունակությունը միջազգային ասպարեզում : Այս առումով բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը, որի տնտեսական ու քաղաքական դիրքերը միջազգային ասպարեզում դեռևս երերուն են:

Տնտեսական դիվանագիտության ոլորտում ՀՀ-ում խնդիրները բազմաթիվ են, որոնց շարքում առավել հատկանշական է երկրի տնտեսական և ռազմական շրջափակումը: Այս հանգամանքը ստեղծում է մի այնպիսի իրավիճակ, որ ՀՀ-ն պարտավորվում է վարել խիստ զգուշավոր քաղաքականություն արտաքին աշխարհի հետ երկրի կապն ապահովող հիմնական տնտեսական զարկերակները (Իրան, Վրաստան) չկորցնելու համար: ՀՀ տնտեսական դիվանագիտությունն ունի և՛ երկկողմ, և՛ բազմակողմ դիվանագիտությանը բնորոշ գծեր:

 

Երկկողմ տնտեսական դիվանագիտությունը ՀՀ-ի համար ավանդական միջոց է՝ արտաքին շուկաներ տեղական արտադրանքի մուտքի և իրացման նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Տնտեսական դիվանագիտության այս ձևը, թերևս, ունի առավել բարձր արդյունավետություն և ավելի մեծ ճկունություն, քանի որ ենթադրում է համաձայնեցնել միայն բանակցող 2 երկրների դիրքորոշումները: Միասին վերցրած՝ երկկողմ և բազմակողմ տնտեսական դիվանագիտությունը ստեղծում է արդյունավետ մեխանիզմ գլոբալ գործընթացների կառավարման համար՝ ինչպես առանձին երկրների, այնպես էլ համաշխարհային հանրության շահերից ելնելով:

Այն թույլ է տալիս հավասարակշռել համաշխարհային տնտեսական զարգացման արդյունքները ազգային տնտեսությունների, երկրների խմբերի և ամբողջ տարածաշրջանների համար՝ կանխելով առևտրատնտեսական հակամարտությունների սրումը: Ընդգծենք այն հանգամանքը, որ ՀՀ-ն տնտեսական կապեր ունի մի շարք երկրների հետ, որոնց հարաբերությունները և՛ տնտեսական, և՛ քաղաքական ոլորտում շիկացած են: Այսինքն ակնառու է հետևյալ իրողությունը. նման երկրների հետ համագործակցելիս գրեթե անհնար է դառնում բազմակողմ տնտեսական դիվանագիտության սկզբունքներով առաջնորդվելը, ինչն էլ ձևավորում է երկկողմ բանակցությունների կիրառման անհրաժեշտությունը:

 

Բազմակողմ տնտեսական դիվանագիտությունը ՀՀ-ի տնտեսական դիվանագիտության հիմնաքարային բաղադրիչն է:Համաշխարհային տնտեության գլոբալիզացիայի ժամանակակից պայմաններում անխուսափելի է դառնում բազմակողմ դիվանագիտության սկզբունքների հիման վրա երկրների համագործակցության ապահովումը:

Բազմակողմ տնտեսական դիվանագիտության կարևորագույն դրսևորումներից է ՀՀ-ում այսպես կոչված «խմբային» տնտեսական դիվանագիտությունը: ԵՄ-ն Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է: 2018թ-ի տվյալներով երկկողմ առևտրաշրջանառության ծավալները կազմել են շուրջ 1.2 մլրդ եվրո: ԵՄ անդամ երկրներից կապիտալ ունեցող ընկերությունները Հայաստանի խոշոր հարկատուների և գործատուների թվում են:

Հայ արտահանողները շարունակում են օգտվել GSP + ծրագրով ԵՄ կողմից տրամադրված առևտրային առավելություններից: ԵՄ-ն ֆինանսավորում է տրամադրում հայկական ընկերություններին, նոր շուկաներ մուտք գործելու, այդ թվում՝ EU4Business նախաձեռնության միջոցով, վերապատրաստում և աջակցություն ստանալու հնարավորություններ: 2009 թվականից ի վեր ԵՄ 40 միլիոն եվրոյի աջակցությունը խթան հանդիսացավ ընկերությունների կողմից ավելի քան 450 միլիոն եվրոյի վարկեր տրամադրելու համար:

Արդյունքում, աջակցվել է 25 հազար ՓՄՁ, ստեղծվել է ավելի քան 3200 նոր աշխատատեղ : Գնահատելով ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝ պետք է հաշի առնել այն փաստը, որ ՀՀ-ն չունի ԵՄ անդամ դառնալու իրական հնարավորություններ՝ պայմանավորված բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ մակրոտնտեսական ցուցանիշների անհամապատասխանությունը: Սակայն հարկ է ընդգծել, որ ՀՀ-ի երկկողմ շրջափակման մեջ գտնվող երկրի համար խիստ կարևոր է տնտեսական կապերի ընդլայնումը, ինչը դարձել է ուղենիշ ՀՀ տնտեսական դիվանագիտության սկզբունքների մշակման համար:

 

ՀՀ «խմբային» տնտեսական դիվանագիտության կարևորությունը

«Խմբային» տնտեսական դիվանագիտության նշանակությունն սկսեց աճել ինտեգրացիոն խմբավորումների ձևավորմանը զուգընթաց: Վերջինիս արդյունավետությունը ՀՀ-ի համար դրսևորվում է նրանում, որ այն նպաստում է ոչ միայն ինտեգրացիոն խմբավորման տնտեսական դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում, այլև սպասարկում է անդամ երկրներից յուրաքանչյուրի, այդ թվում նաև ՀՀ-ի տնտեսական շահերը:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ձևավորումը դարձավ այն կարևոր նախապայմանը, որը հիմք հանդիսացավ ՀՀ տնտեսական դիվանագիտության զարգացման համար: Վերջինիս ժամանակակից փորձը հնարավորություն է տալիս ՀՀ-ին առավել ակտիվորեն մասնակցել Եվրասիական տարածքում ինտեգրացիոն համագործակցության խորացմանը, ինչպես նաև մեծացնել համագործակցող երկրների հետաքրքրությունը ոչ միայն ՀՀ ներքաղաքական վիճակի, այլև երկրի մշակութային առանձնահատկությունների, տուրիզմի և արտահանելի ապրանքների նկատմամբ:

Որպես միասնական տնտեսական դիվանագիտության իրականացման հիմնական խոչընդոտ՝ տարածաշրջանում կարևոր ենք համարում առանձնացնել Արցախյան հակամարտությունը:

Ինչպե՞ս է այն ազդում արդյունավետ տնտեսական փոխգործակցության ապահովման վրա: Պատասխանը հետևյալն է. ԱՊՀ անդամ երկրների համար Ադրբեջանը համարվում է կարևոր տնտեսական գործընկեր, ինչը խոչընդոտում է ՀՀ-ի և ԱՊՀ անդամ մյուս երկրների լիարժեք ինտեգրացմանը: Խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանը տարածաշրջանում բավականին կարևոր տնտեսական դերակատար է, իսկ ՀՀ-ի հետ լիարժեք համագործակցությունը առկա հակամարտության պայմաններում ենթադրում է նման գործընկերոջը կորցնելու լուրջ ռիսկեր, ինչից, բնականաբար, փորձում են խուսափել համագործակցող երկրները:

Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանի առանցքային դերակատար, մեծապես շահագրգռված է բարելավել միության անդամ երկրների հարաբերությունները: Հիմնական պատճառը հետևյալն է. ապահովել անվտանգային մթնոլորտը Ռուսաստանին հարակից այս տարածաշրջանում, որտեղ մթնոլորտը ռազմաքաղաքական առումով բավական անկայուն է:

Թեև ԱՊՀ-ի՝ որպես միասնական կառույցի դերը ներկայումս զգալիորեն թույլ է, այնուամենայնիվ լարված հարաբերություններն անդամ երկրների միջև տնտեսական առումով շարունակում են մեծացնել փոխգործակցության արդյունավետությունը. այն ծրագրերը, որոնք լրացուցիչ օգուտներ կարող են ապահովել ՀՀ-ի համար, բացասական արձագանք է ստանում Ադրբեջանի կողմից, ինչը առկա հակասությունների պարագայում բնականոն երևույթ է:

ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը միևնույն ժամանակ ՀՀ-ի համար ստեղծում է լուրջ սպառնալիքներ։ Մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ երկրներում( Ռուսաստանի Դաշնություն) տնտեսական վիճակը, որը հետևանք է ՌԴ-ի նկատմամբ հիմնականում արևմոտքի կողմից կիևառվող տնտեսական ու քաղաքական բնույթի պատժամիջոցների, որոնք ուղղակիորեն ածանցվում են ՀՀ տնտեսության հետ մի շարք ուղիներով։

Գծապատկեր 2. Դրամական փոխանցումների դինամիկան 2008-2018 թթ

Նախ պատժամիջոցների կիրառումը բերում է ռուբլու արժեզրկման՝ հանգեցնելով ՌԴ-ից ՀՀ եկող մասնավոր տրանսֆերտների կրճատման միտումների ձևավորման, ինչը ՀՀ-ում գնողունակ պահանջարկի ձևավորման առանցքային գործոններից մեկն է։

Բացի դրանից, անդամակցելով ԵԱՏՄ-ին, ՀՀ-ն փաստացիորեն փոխեզ արտահանման շուկաների թիրախավորումը՝ հօգուտ ԵԱՏՄ-ի։ Այս առումով նշենք, որ ներմուծման ու արտահանմանծավալների ձևավորված հարաբերակցությունն արդեն իսկ մեծ սպառնալիք է ՀՀ-ի համար, որն արտահայտվում է առևտրային հաշվեկշռի մեծ պակասուրդկ տեսքով, այն տնտեսական անվտանգության տեսանկյունից կարևորվում է՝ որպես տնտեսական աճը զսպող առանցքային գործոն։ Ներմուծման և արտահանման դինամիկան ներկայացնենք գրաֆիկորեն.

Գծապատկեր 3. ՀՀ արտահանման և ներմուծման դինամիկան 2000-2018թթ-ին

ՀՀ ներմուծումը շուրջ 2 անգամ գերազանցում է արտահանումը, ինչը նշանակում է, որ միայն այս մասով կապիտալի արտահոսքը նույն չափով գերազանցում է ներհոսքին։ Եթե ՀՀ եկող մասնավոր տրանսֆերտները շարունակեն նվազել, ապա արտահանման ու ներմուծման նույն հարաբերակցությունը հնարավոր է պահպանել միայն արտաքին պարտքի ավելացման հաշվին։

Տնտեսական դիվանագիտության դերն այս հարցում կարևորվում է այնքանով, որ անհրաժեշտ է մշակել երկկողմ և բազմակողմ տնտեսական դիվանագիտության այնպիսի սկզբունքներ, որոնք հնարավորություն կտան իրականացնել արդյունավետ արտաքին տնտեսական քաղաքականություն, որի իմաստը ցածր տեխնոլոգիատար և բարձր ռեսուրսատար ապրանքների արտահանումից անցումն է բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանմանը, ինչը պետք է իրականացնել աստիճանաբար։

Անհրաժեշտ է թիրախավորել արտահանման առանձին շուկաներ՝ ԵԱՏՄ, ԵՄ, Վրաստան, Իրան և այլն՝ առանձնացնելով արտահանման այն ոլորտները, որոնցում երկիրն ունի պոտենցիալ կամ համեմատական առավելություն։ Այս մոտեցման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 3 խոշոր առևտրային գործընկերներին՝ ՌԴ, Բուլղարիա, Բելգիա, բաժին է ընկնում ՀՀ արտահանման շուրջ 40%-ը, ուստի արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը նվազեցնում է այդ երկրներում հնարավոր անկայունությունների բացասական ազդեցությունը ՀՀ մակրոմիջավայրի վրա։

ՀՀ բազմակողմ տնտեսական դիվանագիտության արդյունավետությանը խոչընդոտում են մի շարք կարևորագույն գործոններ ՝ վարչական և կազմակերպչական բնույթի հիմնախնդիրները, բանակցային գործընթացին մասնակցության խոչընդոտները և այլն: Մասնակիցների մեծ թվով բանակցությունները առավելապես հանգեցնում են անհամաձայնությունների և պետությունների տնտեսական շահերի բախման, որոնք շատ հաճախ ոչ միայն չեն համընկնում, այլև հակասում են միմյանց:

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ ՀՀ տնտեսական դիվանագիտությունն ունի առանցքային նշանակություն երկրի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների հանգուցալուծման գործում: Կարևորելով տնտեսական դիվանագիտության դերը՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այն արդյունավետորեն կարող է համալրել պետության կողմից տնտեսական, քաղաքական և այլ բնույթի խնդիրների լուծմանն ուղղված գործիքների շարքը:

Լարված քաղաքական և տնտեսական հարաբերությունների ներկայիս պայմաններում ՀՀ տնտեսական դիվանագիտությունը դիտվում է որպես իրական պատերազմները կանխելու կարևոր և հիմնական ուղի երկրի համար, քանի որ միջազգային ասպարեզում տնտեսական դիրքերի ամրապնդումը, տնտեսական անվտանգության արտաքին սպառնալիքների վերացումը կամ ազդեցության կրճատումը հաջողված պետության ձևավորման ապացույցն են:

Հեղինակ՝

Executive Management




Աղբյուրներ.

1. ՀՀ ֆինանսների նախարարության «ՀՀ պետական պարտքի տեղեկագիր-2019 թվական(դեկտեմբեր)» առցանց տվյալների բազա, http://www.minfin.am/hy/page/amsakan_vichakagrakan_teghekagrer/

2. Глазьев С. Основы обеспечения экономической безопасностистраны-альтернативный реформационный курс, РЭЖ N 1 и 2, 1997

3. Глазьев С. Стабилизация и экономический рост. Вопросы экономики N 1 и 2, 1998

4. Дегтерев Д. А. Микро- и макроэкономическая дипломатия. Теория и практика / Д. А. Дегтерев // Сборник научных трудов профессорско-преподавательского состава, научных сотрудников и аспирантов по итогам НИР 2007 года. — СПб.: Санкт-Петербургский государственный университет экономики и финансов. — 2008. — С. 225

5. Moons, Selwyn and Van Bergeijk, Peter A. G., Economic Diplomacy and Economic Security, New Frontiers for Economic Diplomacy, Carla Guapo Costa, ed., Instituto Superior de CiénciasSociais e Politicas, 2009, pp. 37-54

6. http://www.cba.am

7. https://databank.worldbank.org/reports.aspx?source=world-development-indicators#

8. https://eeas.europa.eu/sites/eeas/files/eap_factsheet_armenia1_ru_updated.pdf

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Արդյունավետ լուծումներ

Executive Management

Բարձրացնում ենք բիզնեսի մրցունակությունը և բացահայտում զարգացման տարբեր հնարավորություններ