ԲԼՈԳ

EXECUTIVE MANAGEMENT

ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հակաճգնաժամային և հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի դիրքավորումը` որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն, լի է ինչպես մարտահրավերներով, այնպես էլ հնարավորություններով։ Անհրաժեշտ է ապահովել փորձագիտական և հետազոտական խմբերի համակարգված աշխատանքը, կատարել առավել համապարփակ ուսումնասիրություններ, որոնք թույլ կտան մշակել գիտահենք և առավել արդյունավետ զբոսաշրջային մարքեթինգային ռազմավարություն: Եթե էկոնոմիկայի նախարարությունն իսկապես նախատեսում է հասնել երկնիշ տնտեսական աճի, ապա հարկ է հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության ոլորտին: Փաստ է, որ համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրերը որոշակի արդյունք են տվել, բայց այս պահին պետք է մտածել ոլորտին աջակցելու նոր նախագծերի մասին՝ հաշվի առնելով Արցախյան այս պատերազմի հետևանքները:

Համավարակ

Ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԶՀԿ) վերջին տվյալների՝ միջազգային ժամանումները նվազել են 74%-ով: 2019 թվականի համեմատ՝ 2020 թվականին միջազգային ժամանումները նվազել են 1 մլրդ․-ով:

Գծապատկեր 1. Միջազգային ժամանումների կրճատումը ըստ տարածաշրջանների

Գծապատկերում միջազգային ժամանումների կրճատումը ներկայացված է ըստ տարածաշրջանների, ինչը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել առանձին տարածաշրջաններում ոլորտի կրած կորուստների չափի մասին: Հաշվի առնելով այն, որ համավարակն առաջինը բռնկվեց հենց ասիական հատվածում՝ սահմանափակումների կիրառմանը զուգընթաց բնական էր նաև միջազգային ժամանումների այսչափ կրճատումը: Ամերիկյան տարածաշրջանում անկման համեմատաբար ցածր մակարդակը կարելի է պայմանավորել նրանով, որ համավարակի տարածումն այստեղ առավել մեծ ծավալներ ընդգրկեց մարտ-ապրիլ ամիսներից սկսած, իսկ սահմանափակումների և ուղևորափոխադրումների արգելքներն էլ կիրառվեցին համեմատաբար ավելի ուշ:

ՄԱԿ ԶՀԿ փորձագետների խորհրդի վերջին հետազոտությունը ոչ միանշանակ կանխատեսումներ է անում 2021 թ․ համար։ Ոլորտի փորձագետների 50%-ն ակնկալում է, որ զբոսաշրջության վերականգնումը տեղի կունենա 2022 թ․-ից ոչ շուտ։ Մյուս 50%-ը դեռևս հույս ունի 2021 թ․ հնարավոր վերականգնման։ Զբոսաշրջության վերականգնմանը զուգահեռ ՄԱԿ ԶՀԿ փորձագետները կանխատեսում են բացօթյա, բնության գրկում զբոսաշրջային ժամանցի պահանջարկի աճ և ներքին զբոսաշրջության զարգացման համաշխարհային միտում, քանի որ համավարակը և նրանով պայմանավորված սահմանափակումները հոգեբանական ազդեցություն են ունենում հանրության վրա և մեծացնում բացօթյա վայրերում լինելու մարդկանց ձգտումը։ Զբոսաշրջության ոլորտի փորձագետների մեծ մասը չի ակնկալում վերադարձ նախահամաճարակային իրավիճակին 2023 թվականից շուտ: Միջազգային զբոսաշրջության 2019 թվականի մակարդակին վերադարձը կարող է տևել 2,5-4 տարի: Ակնկալվում է, որ COVID-19 պատվաստանյութի աստիճանական տարածումը կօգնի վերականգնել վստահությունը, նպաստել ճանապարհորդության սահմանափակումների թուլացմանը և հաջորդ տարվա ընթացքում դանդաղորեն կարգավորել զբոսաշրջությունը:

Ըստ Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 2020 թ․-ի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում աշխարհի բոլոր տարածաշրջանները հյուրընկալել են 900 մլն․-ով ավելի քիչ միջազգային զբոսաշրջիկի 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Անկումը 10 ամիսների համար կազմում է 72%:

Գծապատկեր 2. Միջազգային ժամանումները 2020 թ.-ի հունվար-հոկտեմբերին ըստ տարածաշրջանների
Համաձայն ՀՀ-ի պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2020 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 327,735, նվազումը 2019 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է շուրջ 75,5 %: Նշենք, որ այս տվյալները ներառում են հունվար-մարտ և սեպտեմբեր ամիսներին գրանցված տվյալները, քանի որ Կառավարության 2020 թ.-ի մարտ որոշմամբ միջանկյալ ժամանակահատվածում ՀՀ տարածքում համավարակով պայմանավորված ներգնա և արտագնա զբոսաշրջային այցելություններ չեն գրանցվել:
Գծապատկեր 3. ՀՀ զբոսաշրջության ցուցանիշները 2020 թ.- ի հունվար-սեպտեմբերին

Համավարակի հետևանքով ՀՀ թերևս ամենաշատ տուժած ոլորտը՝ զբոսաշրջությունը, խթանելու և նրա զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (ՏՏԵԶ)» ծրագրի Հանրային-մասնավոր ներդրումներ բաղադրիչը։ Այն նպատակ է հետապնդում հանրային ենթակառուցվածքների որակի բարելավման, ինչպես նաև ագրոբիզնեսի զարգացման միջոցով ստեղծել նպաստավոր միջավայր մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար՝ խթանելով տնտեսական աճը և զբաղվածությունը Հայաստանի 9 մարզերում՝ Արագածոտնում, Արարատում, Տավուշում, Վայոց ձորում, Կոտայքում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում և Գեղարքունիքում (վերջին 2 մարզերում պատերազմի հետևանքով առաջացած նոր ռիսկերին և խնդիրներին կանդրադառնանք տուրիզմի վրա պատերազմի ազդեցության մասին խոսելիս): ՏՏԵԶ ծրագրի այս բաղադրիչի ներքո աջակցություն կտրվի ծրագրի տարածքում ընտրված մասնավոր հատվածին՝ ներդրումների կենսունակությունը խրախուսելու նպատակով հանրային ենթակառուցվածքների ապահովման միջոցով (օրինակ՝ ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ/ մայթեր, ջուր /ջրահեռացում, հաղորդակցություն և այլն): Մասնավոր ներդրումների և ՏՏԵԶ ծրագրի ֆինանսավորումը պետք է լինի առնվազն 75% և 25% հարաբերակցությամբ, ընդ որում՝ ֆինանսավորման 75%-ն ապահովվում է մասնավոր ընկերության ֆինանսական միջոցներով, իսկ 25%-ը կազմելու են ծրագրի ներդրումները, ի դեպ, մասնավոր ներդրումների նվազագույն ծավալը՝ կլինի 200 մլն ՀՀ դրամ։ Առաջարկվող բոլոր ներդրումները պետք է նպաստեն հարող տարածքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։ Այս ծրագրի շրջանակներում կատարվել են Գորիս համայնքի ժառանգության հանգույցի վերականգնմանն ուղղված աշխատանքներ։

Մեկ այլ ձեռքբերում է նաև այն, որ Հայաստանը ներառվել է Գինու տուրիզմի միջազգային վեհաժողովի (IWINETC) կողմից կազմակերպվող «Grape Escape Destination» ծրագրում, որի ժամանակ առաջին անգամ ներկայացված կլինի Հայաստանը, որտեղ ներկայացվելու է մեր երկրի գինու զբոսաշրջության գեղեցկությունն ու հնագույն պատմությունը։

Հաշվի առնելով COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերները, ինչպես նաև զբոսաշրջային ցուցահանդեսների վարկանիշը ու թիրախային շուկաներում աշխատանքների վերսկսման հնարավորությունները՝ Զբոսաշրջության 2021 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի ճանաչելիության բարձրացման նպատակով որոշում է կայացվել ապահովել Հայաստանի պետական տաղավարով մասնակցություն մի շարք զբոսաշրջային ցուցահանդեսների՝


– TB Berlin, մարտի 9-12, 2021

– MITT Moscow, մարտի 16-18, 2021

– ATM Dubai, մայիսի 16-19, 2021

– WTM London, նոյեմբերի 1-3, 2021

Հետաքրքրական է նաև հետիոտնային և հեծանվային արահետների բարեկարգման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ և «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ բարեկարգվում և կահավորվում են հետիոտնային և հեծանվային արահետները Հայաստանի բոլոր մարզերում, որոնք կնպաստեն քայլարշավային զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում։

Կարևոր է նաև համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը, որը նախատեսում է աջակցություն տրամադրել զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին։ Շահառու ընկերություններին կտրամադրվի 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75% փոխհատուցում, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավադրված գույքը պաշտպանելու համար։

«Խաղաղություն». Տարածքային կորուստներ և ոչ միայն…

Կարող ենք փաստել՝ աշխարհն արդեն իսկ հարմարվել է համավարակին, ուստի նրա ազդեցությունն այժմ այնքան ուժեղ չէ, որքան տարվա սկզբին: Համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները հնարավորություն տվեցին նվազեցնել ՀՀ-ում տուրիզմի ոլորտի կորուստները և արտագնա տուրիզմին տարվա երկրորդ կեսին՝ սահմանափակումների մեղմումից հետո, փոխարինելու եկավ ներգնա տուրիզմը: Թվում էր, թե նմանաբնույթ շարունակական միջոցառումները հնարավորություն կտան մեղմել տուրիզմի ոլորտում առաջացած կոլապսային վիճակը, սակայն Արցախյան այս պատերազմը ավելի խորացրեց ոլորտում առկա խնդիրները: Տարածքային կորուստներից զատ՝ այն ենթադրում է նաև սոցիալ-տնտեսական մեծածավալ խնդիրներ, իսկ դրանց կենտրոնում ՀՀ զբոսաշրջության ոլորտն է: Այժմ առավել, քան երբևէ, անհրաժեշտ է համակարգված մարքեթինգային ռազմավարության մշակումը՝ միտված ՀՀ տուրիստական կենտրոնների գրավչության ներկայացմանը և դրանց նկատմամբ հետաքրքրության աճին: Սա հնարավորություն կտա նաև բացառել, որ Հայաստանը զբոսաշրջիկների համար դիտվի որպես այցելությունների համար վտանգավոր երկիր: Կարևոր է նաև թիրախային դարձնել Արցախի (ներառյալ կորսված տարածքների) տեսարժան վայրերի, պատմամշակութային արժեքների ներկայացումը, քանի որ սա, թերևս, հնարավորություն կտա նվազեցնել նաև գրավյալ տարածքներում գտնվող պատմական արժեքների ոչնչացման ռիսկը:

 

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախի վերաբերյալ հայտնի եռակողմ հայտարարությունից հետո (Արցախի մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը փոխանակում են գերիներին, շփման գծի երկայնքով և Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ, ինպես նաև նախատեսվում է նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակում, այդ թվում՝ … Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև), մի շարք տուրիստական ​​ուղղություններ, որոնք նախկինում առաջարկվել էին հայաստանյան տուրօպերատորների կողմից, կարող են գործնականում անհասանելի կամ ծայրահեղ վտանգավոր դառնալ: Անորոշությունն էլ ավելի է մեծանում այն պատճառով, որ սահմանագծման աշխատանքները դեռևս շարունակվում են, բացի դրանից՝ անընդհատ պրոպագանդվում է տարանցիկ ուղիների վտանգավոր և դժվարանցանելի լինելը, ինչը մեծացնում է ոչ միայն օտարերկրյա, այլև տեղացի զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի կրճատման ռիսկերը: Զբոսաշրջության ոլորտի մի շարք ընկերություններ փաստում են, որ խորհրդային քարտեզի հիման վրա սահմանների վերագծման հետևանքով զբոսաշրջային կարևորագույն գոտիները դառնում են սահմանամերձ՝ արդեն իսկ ռիսկային դառնալով այս տեսանկյունից: Մասնավորապես՝ սահմանամերձ են դառնում Սյունիքի ողջ սարահարթը, Արևելյան Սևանի լեռները և Գեղարքունիքի մարզի Վարդենիսի լեռների մի մասը, այնինչ սրանք մշտապես եղել են առավել պահանջված զբոսաշրջային երթուղիները՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Մեկ այլ կարևոր խնդիր է Արցախում մուտքի հետ կապված հնարավոր բարդությունները: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ, ըստ որի Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը գործում է ինչպես այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու կարիք ունեն, այնպես էլ՝ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ: Դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը հաղորդվում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերին` հաշվի առնելով անվտանգության նկատառումները։ Հայտերի հաստատումից հետո այդ մասին տեղեկացվում են դիմում ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները, որոնք մուտքի համապատասխան արտոնագրերը ստանում են Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, որից հետո կարող են ժամանել Արցախ։

Առաջանում է հետևյալ տրամաբանական հարցադրումը. որքանո՞վ է պատրաստ օտարերկրացի զբոսաշրջիկը ժամանակ և միջոց ծախսել մուտքի հնարավորություն ստանալու համար, այն էլ այն պայմաններում, երբ գոնե մոտակա 1-2 տարում քաղաքացիների շարժի անվտանգությունը դեռևս շարունակելու է մնալ կասկածի ենթակա:

Հիմք ընդունելով ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներն առ այն, որ ոլորտը հնարավոր կլինի վերականգնել 4 տարվա ընթացքում, ինչպես նաև այն, որ ՀՀ-ում և Արցախում անվտանգ միջավայրի ապահովումը հնարավոր կլինի 1-2 տարվա ընթացքում՝ փորձագետների կարծիքով հայաստանյան զբոսաշրջության մինչև համավարակը եղած նախկին տեմպերի վերականգման համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 3 տարի: Սա չի նշանակում, սակայն, որ ոլորտը մնալու է կաթվածահար վիճակում, այլ վերականգնումն իրականացվելու է աստիճանական, իսկ այն պահանջում է ժամանակ և ջանքերի համակարգված ներդրում:

Ամփոփելով մեր կատարած հետազոտությունը՝ կարող ենք փաստել, որ եթե 2020 թվականը բարդ տարի էր համաշխարհային տնտեսության և առավելապես զբոսաշրջության համար, ապա այն կրկնակի բարդ էր Հայաստանի և Արցախի համար գործունեության հնարավոր բոլոր ոլորտներում: Իսկ կենտրոնում զբոսաշրջության ոլորտն է: Զուգահեռաբար դիտարկելով բացասական ազդեցության 2 գործոնները՝ համավարակը և պատերազմը՝ պետք է նշենք, որ համավարակի հետևանքով ոլորտի կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումները որոշակի դրական արդյունքներ տվեցին, այդ թվում՝ երկրի մշակութային հեղինակության բարձրացման տեսանկյունից, որի վկայությունը ՀՀ անկախության 29-ամյակին աշխարհի՝ տարբեր մշակութային կենտրոն համարվող վայրերում հայկական եռագույնի ներկայացումն էր, ինչը կրկին մեծացնում է հետաքրքրությունը երկրի նկատմամբ:

Փորձագետների կարծիքով՝ այս քայլերն առավելապես երկարաժամկետ նպատակ էին հետապնդում՝ միտված 2021 թ. ՀՀ զբոսաշրջային ներուժի բարձրացմանն ու ոլորտի կարգավորմանը, սակայն այլ է դառնում վիճակը հետպատերազմյան ժամանակահատվածում: Ռիսկային և կասկածելի է դառնում ոչ միայն օտարերկրյա, այլև տեղացի զբոսաշրջիկների շարժառիթը ՀՀ և Արցախի տեսարժան վայրեր այցելելու ուղղությամբ: Սակայն միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ասվածը չի առնչվում բոլոր մարզերին, այլ առավելապես նրանց, որոնք դառնում են սահմանամերձ և միջին ժամկետում դեռևս ոչ բավարար անվտանգ:
Այսպիսով՝ ոլորտի վերականգման նպատակով պետության համար առաջնային պետք է դառնան ազգային արժեքների թիրախավորված պրոպագանդան և կայուն ու համակարգված, գործուն մարքեթինգային ռազմավարության մշակումն ու դրա հետևողական իրականացումը:

 

 

 

Հեղինակ՝

Executive Management

 

 

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Արդյունավետ լուծումներ

Executive Management

Բարձրացնում ենք բիզնեսի մրցունակությունը և բացահայտում զարգացման տարբեր հնարավորություններ