ԲԼՈԳ

EXECUTIVE MANAGEMENT

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Միջազգային տնտեսական հարաբերությունների ժամանակակից փուլում յուրաքանչյուր պետության համար լուրջ հիմնախնդիր է ազգային տնտեսության բացության աստիճանը (արտաքին շրջանառության մակարդակ), որը բնութագրում է տնտեսական համակարգի զարգացման մակարդակը և պայմանավորում է երկրի դիրքը միջազգային շուկայում:

Հայտնի է, որ, ՀՀ անկախացման տարիներից սկսած, ՀՀ տնտեսության կարևորագույն խնդիրներից են արտահանման խթանումը, բազմազանեցումը (դիվերսիֆիկացումը), ինչպես նաև արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի կրճատումը: Փոքր բաց տնտեսություն ունեցող երկրների համար արտահանումը արտարժութային եկամուտների աղբյուր է, որը կարևոր է տնտեսության արտաքին կայունության ապահովման տեսանկյունից: Զուտ արտահանման մեծությունը (արտահանման և ներմուծման տարբերությունը) ունի ուղղակի ազդեցություն ՀՆԱ-ի վրա, հետևաբար արտահանման ծավալների աճն արդեն դրական երևույթ է տնտեսության համար:

Տնտեսության արտահանելի հատվածի զարգացումը կարևորվում է երկրի արտարժութային եկամուտների ապահովման տեսանկյունից: Այսպես, արտահանողները, վաճառելով ապրանքը արտերկրում, ձեռք են բերում արտարժույթ, որը ներքին տնտեսությունում փոխարինում են դրամով՝ հետագա արտադրության կազմակերպման ծախսերը հոգալու համար: Վերջինիս շնորհիվ ներքին տնտեսությունում ձևավորվում է արտարժույթի պաշար, որը բավական կարևոր է և կարող է օգտագործվել ինչպես ներմուծված ապրանքների դիմաց վճարումների, այնպես էլ ֆինանսական համակարգի կայունության ապահովման, արտաքին պարտքի սպասարկման և այլ կարևոր նպատակների համար:

ՀՀ-ն երկար տարիներ շարունակ վարում է արտահանմանը միտված քաղաքականություն, որին զուգահեռ ստեղծվել են նաև արտահանման համար նպաստավոր պայմաններ՝ Եվրոպական միության տարածքում «GSP+» արտոնյալ ռեժիմի իրավունքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, մի շարք երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի առկայությունը և այլն:

Արտահանման տեսանկյունից ՀՀ տնտեսության կարևոր գրավականներից են կրթությունն ու գիտությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները, ադամանդագործությունն ու ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը, առողջապահությունը, հանքագործությունը, ֆինանսական և մի շարք այլ ոլորտներ։

Նկարագրական վերլուծություն

Հայաստանը վերջին տարիներին աննշան մասնակցություն է ունեցել միջազգային առևտրին, արտահանումը չի աճել տնտեսական աճին զուգընթաց, ներմուծումն արտահանման համեմատ ունեցել է առաջանցիկ տեմպեր, իսկ ՀՀ արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական հաշվեմնացորդը պարբերաբար մեծացել է, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ գլոբալ շուկայում ցածր գրավչությամբ, տնտեսության փոքր ծավալով և օբյեկտիվ ու սուբյեկտիվ այլ պատճառներով:

Աղյուսակ 1․ ՀՀ արտաքին առևտրի ցուցանիշները 2008−2020 թթ. (մլն ԱՄՆ դոլար)

Աղյուսակից հնարավոր է եզրակացնել, որ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ն կարելի է բնութագրել որպես ներմուծմանն ուղղված տնտեսություն ունեցող երկիր: 2006-2014 թթ. ապրանքների և ծառայությունների ներմուծման ծավալները մոտ 2 անգամ գերազանցել են արտահանմանը՝ ձևավորելով միջինը մոտ 2.2 մլրդ դոլար բացասական առևտրային հաշվեկշիռ:

Պատկերը փոքր-ինչ բարելավվել է 2015-2016 թթ.` կապված ներմուծման ծավալների կրճատման հետ: 2017-2018 թթ. գրանցվել է արտահանման ծավալների աճ, որը, սակայն, ուղեկցվել է նաև ներմուծման ծավալների առաջանցիկ աճով։ Ճգնաժամային իրավիճակում արտահանումը նվազել է 34%-ով, իսկ ներմուծումը՝ 27.2%-ով։ Իսկ հետճգնաժամային ժամանակահատվածի վերականգնողական աճի մեջ արդեն նկատելի են որակական որոշ փոփոփոխություններ (մասնավորապես՝ տնտեսության արտահանելի հատվածի բազմազանեցում)։

Այնուհետև արտահանման 4.0% բացասական ցուցանիշ է արձանագրվել 2015 թ., ինչը պայմանավորված էր Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով այդ երկրի տնտեսության անկմամբ: ՀՀ տնտեսության բացության գործակիցը շարունակել է աճել՝ 2010-20 թթ. հիմնականում դրսևորելով ներմուծման մեծացման միտումներ: Մասնավորապես, արտահանման բաժինը ՀՆԱ-ում մինչև ճգնաժամը կրճատվել է` հասնելով 8.8%-ի, իսկ հետճգնաժամային տարիներին կրկնակի աճել է` 2020 թ. կազմելով 20.1%:

ՀՀ արտահանումը 2019-2020 թթ. և 2021 թ. առաջին կիսամյակում

2019 թ. արձանագրվել է ապրանքների և ծառայությունների դոլարային արտահանման երկնիշ՝ 14.9% աճ: 2019 թ. ապրանքների արտահանումն աճել է 19.4%-ով և հիմնականում պայմանավորված է եղել մշակող և հանքագործական արդյունաբերության աճով։ Ընդ որում՝ մշակող արդյունաբերության դերը արտահանման կառուցվածքում բարձրացել է, որը այդ ոլորտի կշռի մեծացման արդյունք է: Ծառայությունների արտահանման աճը պայմանավորվել է զբոսաշրջության նախորդ տարվա համեմատ ավելի բարձր՝ շուրջ 15% աճով:

Աղյուսակ 2․ ՀՀ արտահանման ծավալները ըստ ապրանքախմբերի 2019 և 2020 թթ․


2019 թ. ևս նախորդ տարվա համեմատ արտահանման աշխարհագրական կառուցվածքում նկատելի են որոշ փոփոխություններ:

Գծապատկեր 1․ ՀՀ արտահանումը 2019-2020 թթ․` ըստ երկրների

Նվազել են արտահանման ծավալները դեպի ԵՄ երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան և ԱՄՆ, սակայն աճել է արտահանումը դեպի ԱՊՀ, մասնավորապես` ՌԴ և այլ երկրներ (Գծապատկեր 1): ԵՄ երկրների շարքում կրճատվել են արտահանման ծավալները դեպի հիմնական գործընկեր երկրներ՝ Ռումինիա (-100%), Գերմանիա (-56.1%), Բուլղարիա (-26.3%) և Բելգիա (-11.7%), ինչը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների կրճատմամբ:

Դեպի Իրան արտահանման կրճատումը կապված է էլեկտրաէներգիայի արտահանման կրճատման հետ, որի պատճառը կարող է լինել ատոմային էլեկտրակայանի ռեակտորի աշխատանքի դադարեցումը:

ՀՀ արտահանման ամենամեծ ծավալները բաժին են ընկնում Ռուսաստանին, թեև 2019 թվականի նկատմամբ դրանք նվազել են 8,98%-ով։

Գծապատկեր 2․ ՌԴ արտահանվող ապրանքները տոկոսային արտահայտությամբ

Հաջորդում են Շվեյցարիան, Բուլղարիան, Չինաստանը, որոնք համարվում են Հայաստանի պղնձի հիմնական գնորդները։ 2020 թ․ արտահանումը դեպի Չինաստան աճել է շուրջ 49,73%-ով, որը, ըստ Արտաքին գործերի նախարարության տվյալների, կապված է հենց հանքանյութի մատակարարման հետ։ 2019 թ․ համեմատ արտահանումը 2020 թ․ աճել է նաև դեպի ԱՄԷ (66,98%-ով, հիմնական արտահանվող ապրանքներն են պղնձե և ալյումինե իրերը, բնական և արհեստական մարգարիտը և այլն), դեպի ԱՄՆ՝ (25,87%-ով, հիմնական արտահանվող ապրանքներն են սպիրտը, գորգերը, ադամանդ և այլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը, ալյումինը)։ Աննախադեպ թափով՝ 94,35%-ով, կրճատվել է արտահանման ծավալը դեպի Կանադա՝ (հիմնական արտահանվող ապրանքներն են տեքստիլը և գունավոր մետաղները):

2020 թ. համավարակի հետևանքով առավել մեծ վնասներ է կրել ծառայությունների արտահանման ոլորտը. 2020 թ. առաջին կիսամյակում ծառայությունների արտահանումը կրճատվել է 38.9%-ով, որին հիմնականում նպաստել է զբոսաշրջության արտահանման 61.1% անկումը։ Ծառայությունների արտահանման նվազման տեմպերը երրորդ եռամսյակի ընթացքում արագացել են:

Հունիս-հոկտեմբեր ամիսներին ՀՀ ապրանքների արտահանումը կրճատվել է 4.4%-ով՝ կապված տնտեսական սահմանափակումների, զբաղվածության կրճատման պայմաններում արտահանելի հատվածի արտադրության կրճատման, ինչպես նաև արտաքին պահանջարկի նվազման հետ: Հոկտեմբերը կրել է նաև Արցախյան պատերազմի և կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի բռնկման տնտեսական ազդեցությունները՝ վերջին հինգ ամիսների ընթացքում գրանցելով ամենախորը տ/տ անկումը:
2021 թ. արտահանման ծավալների աճին նպաստել է նաև ԵԱՏՄ կառույցի որոշումը՝ վերացնել սակագնային արտոնությունները 76 երկրի, այդ թվում՝ Թուրքիայի և Չինաստանի համար: Դա հայկական արտադրանքին մրցակցային առավելություններ է տալիս ԵԱՏՄ տարածքում: Հայաստանը 2021 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 20%-ով ավելացրել է ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ծավալները (19,3%): Դեպի Ռուսաստան արտահանման ցուցանիշն ավելացել է 20,3 %-ով: Զգալի է նաև Ղազախստան արտահանման ծավալի տոկոսային աճը (24,8%): Դեպի Բելառուս հոսքը նվազել է (-27,4%), իսկ Ղրղզստան այս տարվա հունվարին արտահանում ընդհանրապես չի կատարվել:

Կառավարությունը 6 ամիս ժամկետով արտահանման արգելք է սահմանել խոշոր եղջերավոր կենդանիների մորթու արտահանման համար: Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ խոսքը վերաբերում է խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթերին՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված այլ չմշակված մորթերին: Որոշումը պայմանավորված է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշվի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն ծավալող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ, և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ 2020 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 50.9 հազ. գլուխ խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթի (4101)` մոտ 259.6 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2019 թ. նկատմամբ արձանագրելով 50.5 %-ի անկում։

Արտահանման հիմնական շուկաներն են Թուրքիան և Իրանի Իսլամական Հանրապետությունը: 2020 թ․ հանրապետությունից արտահանվել է մոտ 0.8 հազ. ոչխարի անմշակ գառան մորթի (4102)` մոտ 3.3 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2019 թ. նկատմամբ գրանցելով 70.0%-ի աճ: Արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը և Իտալիան:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականին հանրապետությունում կաշվի արտադրությամբ (կաշվի դաբաղում և վերջնամշակում. բնական և բաղադրանյութային կաշվի արտադրություն) զբաղվել է 39 ընկերություն: 2020 թվականին արտադրության ծավալները կազմել են 126.6 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 7.7 անգամ աճ 2019 թ. նկատմամբ, իրացումը կազմել է 201.1 մլն ՀՀ դրամ` գրանցելով 13.8 անգամ աճ 2019 թ. նկատմամբ: Սա հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակում սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, որոնք երկրի ներսում վերամշակելով՝ կապահովվի երկրի տնտեսական անվտանգությունը:

2021 թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,860.7 մլն ԱՄՆ դոլար՝ 2020 թ. համանման ցուցանիշից 11.6%-ով ավելի: Այսպես, 2021 թ. հունվար-մայիսին Հայաստանն արտահանել է 1,082.9 և այլ երկրներից ներմուծել 1,777.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Կարևոր է նշել, որ հաշվետու ամիսներին բազիսային ժամանակահատվածի համեմատ գրանցվել է արտահանման 20.8% աճ, իսկ ներմուծման ոլորտում՝ 6.7% աճ։ Այսպիսով՝ արտահանման ծավալների համար վճռորոշ գործոն է փոխարժեքը, որի ազդեցության չափը ՀՀ-ում որոշելու համար կատարվել է գործոնային վերլուծություն։

Աղյուսակ 3․ Ռեգրեսիոն վերլուծության ցուցանիշները՝ ըստ տարիների

Նշված գործոնների ազդեցությունը ՀՀ արտահանման վրա քանակապես գնահատելու համար աշխատանքի վերջում կատարվել է ռեգրեսիոն գործոնային վերլուծություն։

Վերջինս սկսելիս նախ հաշվի է առնվել, որ սոցիալ-տնտեսական հետազոտություններում բազմաչափ վիճակագրական մեթոդները կիրառելիս անհրաժեշտ պահանջ է ուսումնասիրվող վիճակագրական համակցության համասեռությունը, որը հետազոտվել է կոռելիացիոն մատրիցի օգնությամբ:

Ռեգրեսիոն վերլուծության նախնական փուլում կատարվում է գործոնների ընտրություն: Որպես արդյունքային հատկանիշ վերցվել է ՀՀ արտահանման ցուցանիշը (Y), որի տեղաշարժը գլխավորապես բացատրվում է վերոնշյալ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների փոփոխությամբ:

Ուստի որպես գործոնային հատկանիշներ առանձնացվել են հետևյալ ցուցանիշները՝

  • X1՝ Դոլարի փոխարժեք
  • X2՝ ՀՆԱ
  • X3՝ Իրական հատվածում կատարված ուղղակի ներդրումների հոսքեր (մետաղական հանքաքարերի արդյունահանում, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր)
  • X4՝ Արտաքին առևտրի (արտահանման միջին գների (միավոր արժեքի))

Աղյուսակ 4․ Կոռելացիոն մատրիցա


Բացահայտվել է, որ համակցությունը համասեռ է արդյունքային հատկանիշի և բոլոր գործոնների համար:
Այսպիսով՝ վերը նշված սկզբունքները հաշվի առնելով՝ կատարված բազմագործոն ռեգրեսիոն վերլուծությամբ ստացվել է արտահանման շերտավորումը բնորոշող մոդել, որտեղ R-ն ռեգրեսիան է:

Ստացված ռեգրեսիայի հավասարման արդյունքները կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. ՀՀ-ում դոլարի փոխարժեքի 1 միավորով (տարեկան) փոփոխությունը կբերի արտահանման 4,79%-ի փոփոխության: Արտաքին առևտրի ինդեքսի 1 տոկոսային կետով աճը կբերի արտահանման 6,730,000 դրամով ավելացման:

Հայաստանում օրեցօր զարգացող տեքստիլի ոլորտում առաջարկվում է փնտրել հումքի ներկրման մատչելի աղբյուրներ, ներդնել հումքի մշակման և արտադրության մեխանիզմներ՝ տեղական արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու նպատակով։

Այսպիսով՝ տեղական արտադրության ավելացումը կհանգեցնի նախ և առաջ նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման ծավալների մեծացմանը, միջազգային շուկայում հայկական արտադրության դիրքի ամրապնդնմանը, նոր գործընկերների ձեռքբերմանը, կայուն առևտրական հարաբերությունների հաստատմանը։

Հեղինակներ՝

Executive Management

Լիլիթ Ղազարյան

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Արդյունավետ լուծումներ

Executive Management

Բարձրացնում ենք բիզնեսի մրցունակությունը և բացահայտում զարգացման տարբեր հնարավորություններ